Նոյեմբերի 2-ին` ժամը 18:00-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի Անուշ Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց արվեստագետը, դա իր առաջին անհատական ցուցահանդեսն է, որը կրում է «Նայիր աշխարհին իմ գույներով» խորագիրը: «Ցուցահանդեսի անցկացման նպատակով դիմեցի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի աջակցությամբ էլ կազմակերպվել է ցուցահանդեսը:
Ներկայացված կլինեն շուրջ 55 աշխատանքներ` գրաֆիկա, գեղանկար, կերամիկա, վիտրաժ, բատիկ և այլ խառը տեխնիկայով ստեղծագործություններ»,- նշեց նա:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 16-ը:
Անուշ Հովհաննիսյանը սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի դիզային բաժնում, նկարիչ-ձևավորող է:
Ստեղծագործում է տարբեր ոճերում, նկարներում ավելի շատ գերակշռում են դեկորատիվ ֆորմաները և մանրանկարչությունը, բազմաթիվ անգամներ ներկայացել է իր հագուստների ցուցադրությամբ:
Անուշ Հովհաննիսյանի նկարները գտնվում են աշխարհի տարբեր երկրների հավաքորդների անհատական հավաքածուներում` Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ, Ռուսաստան, Գերմանիա, Լեհաստան, Հայաստան, Հունգարիա, Իսպանիա: