2013 թվականի հուլիսի 2-7-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաքում Հայաստանի Մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների ուսանողներն առաջին անգամ հնարավորություն կունենան մրցել 61 երկրների ուսանողների հետ՝ «Համաշխարհային հմտություններ» 42-րդ միջազգային մրցույթում: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԿԳՆ-ից:
Ոսկերչություն, խոհարարություն մասնագիտությունների գծով «Հայաստանի հմտություններ» մրցույթի ազգային փուլը հաղթած ուսանողներն այսօր պարգևատրվել են շնորհակալագրերով և մրցանակներով:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է.«Գաղտնիք չէ, որ Հայաստանն այսօր ունի որակյալ աշխատուժի պակաս: Երկար տարիներ մեր հասարակության երիտասարդ հատվածը համակված էր մի մոլուցքով` բոլոր հնարավոր միջոցներով ստանալ բացառապես բարձրագույն կրթություն: Արդյունքում` նրանց զգալի մասն այսօր գործազուրկ է: Իսկ միայն այս տարի 11 հազար երիտասարդի կրթությունը շարունակելու ընտրությունը կանգ է առել միջին և նախնական մասնագիտական կրթօջախների վրա, որոնք սկսել են իրականում մատուցել աշխատաշուկայում պահանջված, գործատուների կողմից ակնկալվող կրթության մակարդակ»:
Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին պետությունը 50 տոկոսով ավելացրել է անվճար տեղերի քանակը նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում, տասնյակ քոլեջներ վերազինվել են, վերանորոգվել, ամբողջությամբ վերանայվել է կրթական բովանդակությունը` մշակվում են կրթական նոր չափորոշիչներ, շարունակվում է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը` կրթական ծառայություններն ավելի որակյալ և նպատակային դարձնելու համար:
Նշենք, որ վերջին տարիների վիճակագրությունը փաստում է, որ հայ դիմորդները նախընտրում են Միջազգային հարաբերություններ, Տնտեսագիտության, Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետները: Դիմորդների նախընտորւթյունները մի փոքր փոխվել են այս տարի: Օրինակ, 2012-2013թթ. ուսումնական տարում Երևանի պետական համալսարանի ամենապահանջված ֆակուլտետների ցանկում ավելացել է նաև Ինֆորմատիայի ֆակուլտետը: