24 ապրիլի 2005 - 10:57 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ` ԶՈՀԱԲԵՐՎԱԾ ԱՐՅՈՒՆԻՑ ՊԵՏՔ Է ԾՆՎԻ ԱՐԴԱՐ ԱՇԽԱՐՀ
«Դա ամենասարսափելի ողբերգություններից է, որը երբեւիցե ապրել է մարդկությունը: Այսօրվա օրը նշան է, որ նման բան երբեք չպետք է կրկնվի: Զոհաբերված արյունից պետք է ծնվի արդար աշխարհ»,- Հայոց ցեղասպանության հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում Վատիկանի դեսպան արքեպիսկոպոս Կլաուդիու Գուջերոտտին: Նրա խոսքերով` Վատիկանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում «մնում է նույնը, ինչպես հայտարարել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը Հայաստան այցի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ հանդիպման ընթացքում: «Դա երկու եկեղեցիների հայտարարություն է, որտեղ արտահայտվում է Կաթոլիկ եկեղեցու դիրքորոշումը եւ վերաբերմունքը հսկայական տառապանք ապրած ժողովրդի նկատմամբ»: Հիշեցնենք, որ Հովհաննես Պողոս Երկրորդը 2001 թվականին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Պատասխանելով այն հարցին, թե ճանաչու՞մ է արդյոք Հայոց ցեղասպանությունը նորընտիր Պապ Բենեդիկտ XVI, արքեպիսկոպոսը պատասխանել է «Տվեք նրան ժամանակ»: