31 հոկտեմբերի 2012 - 11:01 AMT
Այսօր կբացվի կարմիր խաչի «Գթության խոհանոցը»

Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ողջունելով հյուրերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի և մարդասիրական կարևոր առաքելության համար. «Շուրջ 20 տարի դուք մարդասիրական գործունեություն եք իրականացնում Հայաստանի՝ այդ թվում Երևանի տարածքում։ Իմ և երևանցիների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ բարեգործական և անձնատուր աշխատանքի համար»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` հյուրերը նշել են, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցությունը այսուհետ ևս կլինի շարունակական և արդեն այսօր կմեկնարկի Գերմանական կարմիր խաչ կազմակերպության հովանու ներքո գործող «Գթության խոհանոցի» 19-րդ շրջանի հերթական բացումը:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին։