Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ հանդիպել է Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ:
Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Չեխիայի Հանրապետության ժողովրդին և Սենատի անդամներին՝ Ազգային տոնի առթիվ: Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջև բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա: «Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ տարբեր ձևաչափերով համագործակցությունը զարգացնելու հարցում, հաշվի առնելով նաև այն ընդհանուր նպատակները, որ մենք ունենք Արևելյան գործընկերության շրջանակներում»,- ասել է ԱԺ նախագահը: Միջպետական հարաբերությունների խորացման առումով` Հովիկ Աբրահամյանը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը: ԱԺ նախագահի խոսքով` քաղաքական երկխոսության համատեքստում կարևոր դեր կարող է ունենալ խորհրդարանական դիվանագիտությունը, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Նա նշել է, որ Ազգային ժողովում ձևավորել է Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամական խումբ, որի գործունեությունը կարող է նոր լիցք հաղորդել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությանը: «Մեր երկու երկրների խորհրդարանների միջև գործընկերային հարաբերություններ են հաստատվել և խորհրդարանական մակարդակով երկխոսությունը կարող է օգտակար լինել նաև փոխճանաչելիության բարձրացման համար, միմյանց ներքին և արտաքին քաղաքական օրակարգի հարցերի մասին լավ պատկերացումներ կազմելու, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում միմյանց աջակցելու տեսանկյունից»,-ասել է ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում: Այս մասին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: