Ամսական կտրվածքով սպառողական զամբյուղի արժեքը 2012թ. երրորդ եռամսյակում ընթացիկ գներով կազմել է 50 443 դրամ՝ երկրորդ եռամսյակի 53 073 դրամի դիմաց: Այդ մասին հոկտեմբերի 31-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: «Այդպիսով երրորդ եռամսյակում երկրորդ եռամսյակի համեմատ սպառողական զամբյուղի արժեքը նվազել է 2 600 դրամով»,-ասել է նա:
Մասնագետը պարզաբանել է, որ զամբյուղի արժեքի նվազումը սեզոնային գործոն է, կապված շուկայում առկա գնանկման հետ, ինչպես նաև այն հանգամանքի, որ հիմնական որոշ պարենային ապրանքների արժեքը ավելի ցածր էր:
Գուրգեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ 2012թ. առաջին եռամսյակում սպառողական զամբյուղի արժեքը 55 327 դրամ էր: Սպառողական զամբյուղը ներառում է՝ հաց (տարեկան սպառումը 91,3 կգ), մսամթերք (36,5 կգ), միրգ (73 կգ), շաքար (18,3 կգ), կաթնամթերք, ձու (182,5 կգ), բուսական յուղ (7,3 կգ), ձուկ (11 կգ), մարգարին (3,7 կգ):