Ռուս ռազմական փորձագետները կազմել են հավանական ռազմական հակամարտությունների վերաբերյալ կանխատեսումներ և սցենարներ, որոնք կարող են ներքաշել Ռուսաստանը: Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, Ռուսաստանի մասնակցությամբ հավանական պատերազմների թվում նշվում է Լեռնային Ղարաբաղի համար պատերազմը:
«Ռուսաստանի համար լրջագույն խնդիրներից մեկը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի համար հնարավոր պատերազմը: Այդ շրջանը չափազանց ռազմականացված է, հակամարտող կողմերը՝ Ադրբեջանը և Հայաստանը, այնքան արմատական հակադիր դիրքորոշումներ ունեն, որ նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է»,- նշում են ԶԼՄ-ները:
Դրա հետ կապված պետք է հիշել, որ Հայաստանում՝ Գյումրի քաղաքում, գտնվում է 102-րդ ռուսական ռազմական բազան:
2010-ի օգոստոսին 49 տարով երկարացվել է Հայաստանում նրա գտնվելու ժամկետը և ընդլայնվել պատասխանատվության աշխարհագրական ոլորտը: Այսօր ռուս զինվորականները պայմանավորվածություն ունեն պաշտպանել Հայաստանն արտաքին թշնամիներից, ճիշտ է, այդ պարտականությունները չեն վերաբերվում Լեռնային Ղարաբաղի տարածքին: Փորձագետների կանխատեսումներով, մարտական գործողություններ սկսվելու դեպքում ռուսական զորքերը կպաշտպանեն Հայաստանի սահմանները, դրանով հանդերձ կազատեն ազգային բանակի զգալի մասին, ինչը թույլ կտա արդյունավետ օգտագործել այն Լեռնային Ղարաբաղում:
Ինչպես կարծում է ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը, Ռուսաստանին ձեռնտու չէ, որպեսզի նրան ներքաշեն ԼՂ շուրջ ռազմական գործողությունների մեջ, և հակամարտության ռազմական «սառեցման» դեպքում Մոսկվան կարող է բարդ դրության մեջ հայտնվել: Նրա կարծիքով, Ռուսաստանին հաջողվում է Անդրկովկասում վարել բավական ճկուն քաղաքականություն՝ միաժամանակ համագործակցելով Հայաստանի և Ադրբեջանի հետ: Փորձագետի գնահատականով, եթե հակամարտություն ծագի այդ երկու երկրներիի միջև, Ռուսաստանը բացահայտ կերպով հանդես չի գա Հայաստանի կողմից, պատերազմի մեջ կընդգրկվի միայն այն դեպքում, եթե այդտեղ ներքաշվեն երրորդ երկրներ, օրինակ, Թուրքիան: