Երեկ երեկոյան տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են «Օրինաց երկիր» կուսակցությունից:
Քաղխորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր, ինչպես նաև որոշում է ընդունել «Օրինաց երկիր» կուսակցության 11-րդ արտահերթ համագումարն անցկացնել 2012 թվականի դեկտեմբերի 22-ին:
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քաղխորհրդին է ներկայացրել վերջերս Ռուսաստանի Դաշնություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդգծել դրանց կարևորությունը:
Արթուր Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ ՉԺՀ-ում պաշտոնապես հայտարարվել է ՕԵԿ-ի և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև միջկուսակցական համագործակցության մասին:
ՕԵԿ քաղխորհուրդը, ի թիվս այս հարցերի, քննարկել է ներքաղաքական, ինչպես նաև արտաքին քաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր: