2 նոյեմբերի 2012 - 12:55 AMT
Վաղը կանցկացվի «Սալվադոր ֆեստ» մտքի փառատոնի եզրափակիչ փուլը

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 15.00-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի կունենա «Սալվադոր ֆեստ» մտքի փառատոնի եզրափակիչ փուլը։ Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվության վարչությունից: ՀԵՀ-ից տեղեկացնում են, որ վաղը կհայտարարվեն փառատոնի հաղթողները, որոնք կստանան մրցանակներ և պատվոգրեր: Միջոցառման ընթացքում կներկայացվեն երիտասարդների կողմից մշակված լավագույն բիզնես առաջարկները: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնագետներ մարքեթինգի ոլորտից, ուսանողներ:

«Սալվադոր ֆեստ» մտքի փառատոնը տարբեր բուհերի մարքեթինգային (PR/գովազդ/բիզնես) ամբիոնների ուսանողների և երիտասարդ մասնագետների համար նախատեսված ծրագիր է, որի նպատակն է բացահայտել մարքեթինգի, PR ոլորտներում ստեղծարար և ինքնատիպ մտքեր ունեցող երիտասարդներին:

Մեկամսյա աշխատանքի ընթացքում ուսանողական թիմերը կազմել և պրոֆեսիոնալ ժյուրիի հետ քննարկել են իրենց նորարարական առաջարկները PR-ի, գովազդի և բիզնեսի ոլորտներում։ Ընտրված լավագույն գաղափարների հեղինակները հանդիպումներ կունենան և իրենց ծրագրերը կներկայացնեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներին։