Բոլոր տեսակի հղումներով և հավաստի աղբյուրներով հաղորդված տեղեկությունները, նախորդ օրը կոնյակի գործարանում տեղի ունեցած քաղաքական նիստից, իրականությանը չեն համապատասխանում: «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հերքեց մամուլում տարածված այն տեղեկությունը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջև վերջնական համաձայնություն է կայացվել ու ԲՀԿ-ն կսատարի գործող նախագահին:
«Նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ-ն իր որոշումը կհրապարակի այն ժամանակ, երբ, որ մենք հարմար կգտնենք, ոչ թե երբ, որ այս կամ այն ուժեր կփորձեն որևէ լրատվամիջոցում տեղադրել չճշտված, իրենց համար ցանկալի տեղեկատվություն: Այն, ինչ տպագրված է այդ թերթում, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի՝ գործող նախագահին սատարելու մասին տեղեկությունը հայտնել էր «Հրապարակ օրաթերթը: Թերթը նաև գրել էր, որ սատարելու մասին հայտարարությունը կլինի մինչև նոյեմբերի վերջ: