2 նոյեմբերի 2012 - 16:27 AMT
Հ. Բագրատյան. Կառավարությանը ձեռնատու է «ուտել» երկրում նավթի ու գազի որոնման համար նախատեսված փողերը

ՀՀ կառավարությունը դեմ չէ, որ ներդրողները Հայաստանում նավթի ու գազի պաշարների որոնման ծրագիր իրականացնեն, իսկ գումարները նրա գրպանը գնան: Նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Գումարներ են հայտնվում, նույնիսկ եթե 100 տոկոսով գիտեն, որ գազ ու նավթ չկա, ուղղակի պետք է նախագիծ ներկայացնել կորզելու համար այդ փողերը: Հայաստանի կառավարությանը ձեռնատու է, որ հորատում անեն, իսկ ժողովուրդը հույսով ապրի»,-ասել է նա:

Նա նշել է, որ որպես կանոն նավթի ու գազի պաշարներ կան այնտեղ, որտեղ նախկինում ծովի հատակ է եղել, որ վերածվել է անապատի, որտեղ պլանկտոնի նստվածք կա: «Աշխարհագրությունից հայտնի չէ, որ ժամանակին Հայաստանի տարածքում ծովի հատակ է եղել»,-ասել է նա:

Կառավարությունը նոյեմբերի 1-ին քննարկել էր նավթի ու գազի առկայության հետազոտման համար երկրի ընդերքի տրամադրման կարգը: Փաստաթղթով որոշվում են հետախուզման պայմանական չափերն ու տարածքի սահմանները: Գործադիր մարմինը նաև հավանություն է տվել նավթի ու գազի արդյունահանման բաշխման կարգին: