28 ապրիլի 2005 - 13:44 AMT
ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ԱՆԱՐԳԵԼ ԲՈՒԺՎՈՒՄ ԵՎ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Վրաստանի տարածքը, ներառյալ Պանկիսի կիրճը, շարունակում է որպես կայանատեղի ծառայել չեչեն եւ օտարերկրյա ահաբեկիչների համար: Այդ մասին այսօր հայտարարել է ռուսական հատուկ ծառայություններից մեկի փորձագետ գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Սաժինը` մեկնաբանելով չորեքշաբթի օրը Վաշինգտոնում հրապարակված ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը արտերկրում ահաբեկչության սպառնալիքի մասին, հաղորդում է «Երկիր» թերթը: Սաժինը հատուկ ուշադրություն է դարձրել նրան, որ «ահաբեկիչների կարիքների համար մարդկանց, դրամի եւ զենքի մատակարարումները կատարվում են ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ Ադրբեջանի տարածքով, ընդ որում այդ ցուցանիշով Բաքուն գերազանցում է նույնիսկ Թբիլիսիին»: «Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանագոտում կա առնվազն տասը լեռնանցք, որոնցով ահաբեկիչները շարունակում են թափանցել Հյուսիսաին Կովկաս: Ընդ որում Ադրբեջանից ահաբեկիչների մի մասը տեղափոխվում է փաստորեն օրինական ճանապարհով` նրանց ձեռքին են ռուս դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրված անձնագրերը մուտքի վիզաներով»,-նշել է փորձագետը: Նրա տվյալներով, Ադրբեջանում ահաբեկիչները վաղուց արդեն ունեն իրենց բազաները, անարգել բուժվում եւ հանգստանում են այդ հանրապետությունում: