29 ապրիլի 2005 - 09:10 AMT
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐ. ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ԴԱՌՆԱԼ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
«Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների բարելավման շանսը կրկին բաց է թողնվել»,-հաղորդում է OՃN/Nachrichten ինտերնետ-թերթը: Չնայած, որ Հայոց ցեղասպանության 90-ամյակը լավ առիթ էր Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների բարելավման համար, այնուամենայնիվ մերձեցումը ձախողվել է: Թուրքիան առաջարկել էր Հայաստանին ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով, սակայն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ի պատասխան առաջարկել է սկզբից նորմալացնել հարաբերությունները, ինչին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանի պատասխանը մերժողական է եղել: Միեւնույն ժամանակ, միջազգային հանրությունը միաձայն խոսում է ցեղասպանության մասին եւ միաժամանակ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա: Սակայն, Թուրքիան հրաժարվում է ճանաչել իրեն որպես Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդ: Թուրքիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բարդացնում է հարաբերությունները Հայաստանի հետ: Թուրքական խորհրդարանի նախագահ Բյուլենթ Արինջը հրաժարվել է լեհ խորհրդարանականների հետ հանդիպումից` պատճառաբանելով, թե բացասաբար է վերաբերվում լեհական Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը: Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները գերմանական Բունդեստագում «ստվեր կձգեն Թուրքիայի եւ Գերմանիայի հարաբերությունների վրա»: Չնայած դրան, Թուրքիան այնուամենայնիվ վախենում է, որ հայկական հարցը կարող է բացասաբար անդրադառնալ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններին, առավել եւ, որ Ֆրանսիան դիմել է ԵՄ խնդրանքով` «դրդել եվրոպական կառույցի անդամակցության թեկնածուին նոր գնահատական տալու սեփական անցյալին»: Այսօրվա դրությամբ Ֆրանսիայում բնակվում է շուրջ 450 հազար հայ, այդ թվում եւ հայտնի շանսոնյե Շարլ Ազնավուրը: «Die Zeit» շաբաթաթերթին տված իր հարցազրույցում 80-ամյա երգիչը նշել է, որ վաղուց է երազում Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցման մասին: «Որքան շատ Թուրքիան ձգձգի ցեղասպանության ճանաչումը, այնքան երկար անցյալը կհետապնդի նրան Հայաստանի եւ Եվրոպայի հետ հարաբերություններում»,-նշել է Ազնավուրը: