29 ապրիլի 2005 - 10:25 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՄԱԿ-Ի ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՔՐԵԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ
ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի (Commission on Crime Prevention and Ctiminal Justice), կազմակերպական նստաշրջանի ընթացքում կայացած ընտրությունների ժամանակ Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման եւ քրեական արդարադատության հանձնաժողովի նաեւ վերընտրվել է Ծրագրման եւ համակարգման կոմիտեի անդամ 2006-2008 թթ.-ի համար, հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանցավորության կանխարգելման եւ քրեական արդարադատության հանձնաժողովը հանցավորության կանխարգելման ոլորտին վերաբերող ՄԱԿ-ի գործունեությունը համակարգող հիմնական ներկայացուցչական մարմինն է: Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են մասնավորապես կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, ահաբեկչության եւ մարդկանց ապօրինի առքուվաճառքի դեմ պայքարի հարցերը: Հանցավորության այդ ձեւերի դեմ պայքարը գտնվում է նաեւ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, իսկ հանձնաժողովին անդամակցությունը լրացուցիչ հնարավորություն կտա համադրել կառավարության քայլերը ՄԱԿ-ի համակարգի իրականացրած միջոցառումների հետ, նաեւ առավել արդյունավետ համագործակցել ՄԱԿ-ի Թմրանյութերի եւ հանցավորության հարցերի գրասենյակի հետ: Ծրագրման եւ համակարգման կոմիտեն Գլխավոր Ասամբլեայի ու Տնտեսական եւ սոցիալական խորհրդի պլանավորման, ծրագրման, համակարգման հարցերի հիմնական օժանդակ մարմինն է: Կոմիտեի պարտականություններն են մասնավորապես ՄԱԿ-ի ծրագրերի քննարկումը, ծրագրերի առաջնայնոււթյան որոշումը, ընդունված օրենսդրական որոշումները ծրագրերի վերածելու գործում քարտուղարության գործունեության ուղղորդումը, նաեւ ելնելով համակարգման անհրաժեշտությունից` ՄԱԿ-ի գործակալությունների գործունեության քննարկումը: