7 նոյեմբերի 2012 - 11:10 AMT
Հայաստանում թունաքիմիկատների մոնիթորինգ է անցկացվում

«Քիմիական նյութերի արտադրությունը, առևտուրն ու կիրառումը վերջին տարիներին զգալիորեն աճել են, դրանց օգտագործումը շատ ոլորտներում ունի զգալի առավելություններ, սակայն ոչ ճիշտ կիրառումը դրանց գործածության ցանկացած փուլում, կարող է մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա անբարենպաստ ներգործություն ունենալ, ինչն էլ հանգեցնում է քիմիական նյութերի ազդեցությամբ պայմանավորված ռիսկի գնահատման անհրաժեշտությանը», -այսօր ասաց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «ՀՀ-ում ժամկետանց թունաքիմիկատների մոնիթորինգ և վերլուծություն՝ դրանց էկոլոգիապես անվտանգ հեռացման նպատակով» ծրագիրը ներկայացնելու ժամանակ:

Նախարարի խոսքով՝ այս ծրագիրն առանձնահատուկ է, քանի որ մի կողմից ապահովեց ՆԱՏՕ-ի անհատական գործընկերույան գործողությունների ծրագրի իրականացումը, մյուս կողմից նպաստեց ՄԱԿ-ի «Կայուն օրգանական ախտոտիչների» մասին Ստոկհոլմի և «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնֆենցիաներով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումը:

Հետազոտություննրի համար ստեղծվել է անալիտիկ լաբորատորիա , որի համալրման համար ՆԱՏՕ-ն տրամադրել է գազային քրոմատագրիչ, Բրազիլիայի կառավարությունը՝ այլ 17 անհրաժեշտ սարքավորում, իսկ ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպությունը (UNIDO) տրամադրել է անալիզարար՝ տրանսֆորմատորային յուղերում և հողում թունաքիմիկատների պարունակությունը որոշելու համար:

Նշենք, որ սրանք բավական թանկարժենք և եզակի սարքավորումներ են:

«Արդեն հետազոտություններ են արվել հողում, մակերևութային ջրերում, հատակային նստվածքներում կայուն օրագանական ախտոտիչների քանակը որոշելու համար, նմուշառում է արվել տարբեր մարզերի թունաքիմիկատների խանութների և նախկին պահեստների տարածքներից նաև Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից»,-ասաց ծրագրի հայաստանյան համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը: