Լոնդոնում նոյեմբերի 5-8 միջազգային «World Travel Market» ցուցահանդեսում միասնական տաղավարով ներկայանալու Հայաստանի և Արցախի որոշման վերաբերյալ Ադրբեջանի Մշակույթի և տուրիզմի նախարարության հայտարարությունը պարզապես հիվանդ երևակայության արդյունք է: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը, որը 11 հայկական տուրիստական ընկերությունների հետ միասին մասնակցում է այդ ցուցահանդեսին:
Համաձայն ադրբեջանական կողմի տարածած հայտարարության, «համապատասխան միջոցների կիրառմամբ պետք է դադարեցվի Արցախի 7 տուրընկերությունների մասնակցությունը, ինչպես նախորդ անգամ»:
ՀԱՄՀ-ն ընդգծում է, որ նախ` ցուցահանդեսին ներկայացված է ոչ թե 7, այլ 11 տուրընկերություններ, երկրորդ`նախկինում երբեք խոչընդոտներ չեն եղել` կապված Արցախի մասնակցության հետ` չհաշված Ֆրանսիայի դեպքը, երբ Ադրբեջանը ցուցաբերց իր ավանդական բարբարոսությունը, ինչի արդյունքում վնասվեց տաղավարը:
«Հայաստանի և Արցախի համատեղ տաղավարը շարունակում է իր մասնակցությունը Լոնդոնի ցուցահանդեսին, ավելին` այցելուների կողմից մեծ հետաքրքրություն է վայելում»,-ասվում է ՀԱՄՀ հաղորդագրությունում: Բացի այդ, հայկական պատվիրակության պահանջով ցուցահանդեսից հեռացվել է հակահայկական բնույթ ունեցող ամբողջ տեղեկատվությունը: