7 նոյեմբերի 2012 - 19:21 AMT
Բարոնուհի Քոքսը փորձել է Բրիտանիայի լորդերին ցույց տալ Ադրբեջանի իրական դեմքը

Լեռնային Ղարաբաղին հարող տարածքները հայկական ուժերի վերահսկողության տակ են առնվել ոչ թե որպես ագրեսիայի ակտ, այլ ելնելով կենսական անհրաժեշտությունից՝ դրանք օգտագործվել են որպես բուֆերային գոտի, խուսափելու համար ադրբեջանական ուժերի գնդակոծություններից Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը պաշտպանելու համար, հայտարարել է հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի նախարար, բարոնուհի Քերոլայն Քոքսը Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում տեղի ունեցած «Մեծ Բրիտանիայի հարաբերություններն Ադրբեջանի ու Հարավային Կովկասի հետ» քննարկման ժամանակ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի գործադիր քարտուղար Օդեթ Բազիլը:

Ինչպես նշել է բարոնուհին, խոսելով այդ տարածքների մասին, պետք է հասկանալ անվտանգության գոտու նշանակությունը ցանկացած խաղաղ համաձայնության դեպքում: Ըստ նրա, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովրդներին խաղաղություն է հարկավոր: Այնուամենայնիվ, Ադրբեջանը շարունակում է իր թշնամական քաղաքականությունը, որը վնասում է սառեցված ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանը: Նման քաղաքականության դրսևորումներից մեկը եղավ, ըստ Քոքսի, մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Հունգարիայի կողմից և նրա ներումն ու հերոսացումն Ադրբեջանում: Ըստ Economist թերթի, դա «բառերի նոր պատերազմ» առաջացրեց մոլորակի ամենաանհանգիստ շրջաններից մեկում:

«ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը մտահոգություն հայտնեց Սաֆարովի ներման վերաբերյալ և բացատրություններ պահանջեց Բուդապեշտից ու Բաքվից: Ռուսաստանը, որը ներառված է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ, հայտարարեց, որ Հունգարիայի ու Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հակասում են միջազգային միջնորդական ջանքերին: Կարող եմ հետաքրքրվել, թե ի՞նչ հայտարարությամբ հանդես եկավ Նորին Մեծության կառավարությունը Ադրբեջանում մարդասպանի հերոսացման կապակցությամբ»,-հայտարարել է Քերոլայն Քոքսը:

Ըստ նրա, Economist նաև հարց էր արծարծել Եվրամիության հանդեպ վստահության մասին այն բանից հետո, երբ ԵՄ-ն 19,5 մլն եվրո հատկացրեց նավթով հարուստ Ադրբեջանին՝ միգրացիայի ու արդարադատության համակարգերի բարեփոխման համար:

2006 թվականից ի վեր Ադրբեջանի տնտեսությունը, որը հարուստ է նավթով ու գազով, հասել է գրեթե 62 մլրդ դոլարի: «Կարո՞ղ եմ հետաքրքրվել, ինչո՞վ էր պայմանավորված ԵՄ կողմից 19,5 մլն եվրոյի հատկացումը նման հարուստ երկրին: Ավելին, միջազգային հանրությունը մտահոգված է, որ Ադրբեջանը իր ռազմական բյուջեն վերջին 7 տարում ավելացրել է 20 անգամ: Մտավախություն կա, որ սպառազինությունը կուտակող երկիրը, որի բնակչության զգալի մասը աղքատության շեմից ցածր է ապրում, կարող է նոր պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ: Այդ մտավախությունները խորացնում են Ադրբեջանի մշտապես հնչող ռազմատենչ հայտարարությունները, որոնք չեն նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանն ու խաղաղ բանակցություններին»,-ասել է նա:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիր կա: Ըստ նրա, ըստ Time թերթի ապրիլյան հրապարակման, «չնայած հետխորհրդային տնտեսական հաջողություններին, միջազգային փորձագետները նշում են, որ Ադրբեջանոմ չի հարգվում մարդու իրավունքը: The Human Rights House Foundation-ը Ադրբեջանում 2010թ. կայացած վերջին ընտրությունները բնութագրում է որպես ֆարս: Ադրբեջանի իշխանություններն անտեսում են տասնյակ հարձակումները լրագրողների վրա, որից երկուսը մահացու վախճանով: Ըստ հոլանդական Հելսինկյան հանձնախմբի տվյալների, մոտ 70 մարդ կալանքի տակ է քաղաքական պատճառներով, շատերը ենթարկվում են խոշտանգումների»: Ադրբեջանում կան մարդիկ, որոնք կալանքի տակ են կրոնական համոզմունքների պատճառով: «Կարո՞ղ եմ հարց տալ. արդյոք երբևէ Նորին Մեծության կառավարությունը բարձրացրել է մտահոգիչ այս հարցերը: Թե կրկնելո՞ւ է այն իրավիճակը, որը եղավ մի քանի տարի առաջ, երբ հարց բարձրացվեց Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիայի խախտման մասին: Այն ժամանակ բրիտանական ԱԳՆ ներկայացուցիչներից մեկն ասաց ինձ. «Ոչ մի երկիր շահագրգռված չէ մեկ այլ երկրով, այստեղ դեր ունեն միայն սեփական շահերը, իսկ մեզ հետաքրքրում է ադրբեջանական նավթը»:

Ըստ Քոքսի, Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում քարոզչության, իր երկրի դրական իմիջ ստեղծելու, մարդկանց ահաբեկելու վրա, որոնք ցանկանում են իրենց աչքով տեսնել Ղարաբաղը: «Իմ այցերից մեկի ժամանակ ադրբեջանական թերթերից մեկում հոդված լույս տեսավ «Սպանեք Քոքսին» վերնագրով: Հայաստան այցելող խորհրդարանականները սպառնալիքներով նամակներ են ստանում ադրբեջանական իշխանություններից նրանց «սև ցուցակում» ընդգրկելու մասին, եթե վերջիններս այցելեն Ղարաբաղ: Մեծ Բրիտանիայի դեսպանին դեռևս այդպես էլ թույլ չեն տվել այցելել Ղարաբաղ, թեև այլ երկրների քաղաքական ու դիվանագիտական ներկայացուցիչներն արդեն եղել են այնտեղ: Ես ափսոսում եմ, որ ստիպված եմ նման քննադատությամբ հանդես գալ: Անշուշտ, ինձ կարելի է ոչ անաչառ լինելու մեղադրանք ներկայացնել, սակայն իմ դիրքորոշումը հիմնված է առաջին ձեռքից ստացված տեղեկատվության վրա և հաստատված է անկախ աղբյուրներից: Հուսով եմ, որ սա կպարզաբանի ստեղծված իրավիճակի որոշ ասպեկտներ, քանի որ խաղաղություն հաստատելու ձգտումը կարող է հիմնված լինել միայն պատմական և առկա իրողությունների ըմբռնման վրա»,-ասել է բարոնուհի Քոքսը: