ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացը լճացել է: Նման եզրահանգման են եկել ոլորտի մի շարք փորձագետներ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բախումնային իրավիճակի միջազգային նշանակության և կարևորության թեմայի քննարկման ժամանակ: Այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) սեմինար է անցակցվել, որին հիմնականում մասնակցել են խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող վերլուծաբաններ ու թեմայի խորացված ուսումնասիրությամբ հետաքրքրվող երիտասարդ քաղաքագետներ: Բանախոսները որոշակի ռեսուրս և, միևնույն ժամանակ, ռիսկեր են տեսնում թե´ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման և թե´ խնդրի միջազգային-իրավական մոդելի փոփոխության համատեքստում:
«Այս քննարկումների ընթացքում կփորձենք մոդելավորել բախումնային իրավիճակի շուրջ ստեղծված միջազգային իրավաքաղաքական մեխանիզմներն ու չափանիշները` հստակեցնելու համար մի շարք թեզերի, մասնավորապես ԼՂՀ ճանաչման-չճանաչման վերաբերյալ քաղաքական ուժերի և հասարակության շրջանում տարածված գնահատականներն ու դիրքորոշումները»,- սեմինարի ժամանակ ասել է ՌԱՀՀԿ գիտական տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
ԼՂ խնդրի միջազգային-իրավական մոդելը, փորձագետների կարծիքով, ներառում է միջազգայնորեն ճանաչված խնդրի էությունը, լուծման առաջարկված տարբերակը և այն իրավական ակտերը, որոնք ձևավորել են ԼՂ խնդրի շուրջ միջազգային դիրքորոշումը:
Իսկ որպես քաղաքական մոդելի չափանիշներ` մատնանշվել են հակամարտության մի շարք ասպեկտների շուրջ միջազգայնորեն ճանաչված անհամաձայնության փաստը, ԼՂ խնդրի քաղաքական կարգավորման միջազգային գործընթացի առկայությունը` հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու` Ադրբեջանի պարտավորությունը և վերջինիս կողմից ուժի կիրառումը միջազգայնորեն խոչընդոտելու իրողությունը:
Փորձագետները ամփոփել են նաև ԼՂ հայերի ինքնորոշման միջազգայնորեն չճանաչված իրավունքը, ԼՂ նկատմամբ Ադրբեջանի գերիշխանության ու ԼՂ հայերի իրավունքների փաստացի ճանաչումը, ինչպեսև ԼՂ շուրջ բախումնային իրավիճակի վերաբերյալ տարածաշրջանային տերությունների դիրքորոշումների փաստացի հակասությունը: