3 մայիսի 2005 - 07:08 AMT
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՄՈՍԿԱՎՅՈՒՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպմանը Մոսկվայում, սակայն կմասնակցի Հաղթանակի օրվան նվիրված մայիսի 9-ի միջոցառումներին: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հայտարարությունում, տեղեկացնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը: Մոսկվայում մայիսի 9-ին կկայանան Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 60-ամյակին նվիրված տոնակատարություններ: Իսկ մայիսի 8-ին նախատեսվում է ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպումը: Այդ կապակցությամբ պետության ղեկավարի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Իլհամ Ալիեւը չի մասնակցելու մայիսի 8-ի միջոցառումներին: «Հայկական զավթիչ ուժերի կողմից ադրբեջանական հողերի` Շուշի քաղաքի գրավումը արյունոտ տառերով է գրված մեր ժողովրդի պատմական հիշողությունում, եւ Ադրբեջանի նախագահն անհնար է գտնում իր մասնակցությունը մի միջոցառման, որին մասնակցելու է ագրեսոր-պետության` Հայաստանի նախագահը»,- ընդգծվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում: Միեւնույն ժամանակ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ի.Ալիեւը մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին: