5 մայիսի 2005 - 09:19 AMT
ԱՆԿԱՐԱՆ ԴԵՄ ՉԷ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ
Թուրքիայի իշխանությունները դեմ չեն 1915 թվականի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին հայ եւ թուրք պաշտոնյաների մասնակցությանը, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը` վկայակոչելով կառավարական աղբյորները: Ըստ հաղորդագրության, կարող են ստեղծվել երկու հանձնաժողովներ. մեկում կընդգրկվեն պատմաբանները, մյուսում` Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների ներկայացուցիչները: Պաշտոնական Անկարան նաեւ գտնում է, որ հայ եւ թուրք պատմաբաններին կարող են միանալ իրենց գործընկերները Գերմանիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից: Նշենք, որ ավելի վաղ Էրդողանն առաջարկել էր Հայաստանի նախագահին ստեղծել Հայաստանի եւ Թուրքիայի պատմաբանների եւ փորձագետների համատեղ հանձնաժողով, որոնք կուսումնասիրեն ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլ նաեւ երրորդ երկրների արխիվները եւ իրենց հետազոտությունների արդյունքները կներկայացնեն միջազգային հանրությանը: Ռոբերտ Քոչարյանն իր պատասխան նամակում, մերժելով պատմական հանձնաժողովի ստեղծումը, առաջարկել էր ստեղծել հայ-թուրքական միջկառավարական հանձնաժողով, որը այլ հարցերի թվում կարող է քննարկել նաեւ Հայոց ցեղասպանության խնդիրը: