
Նոյեմբերի 8-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպումներ ունեցավ Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի, Եվրոպայի, Եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքս Պետրիաշվիլիի և պատիժների կատարման, պայմանական դատապարտման և իրավական օգնության հարցերի նախարար Սոզար Սուբարիի հետ:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, դեսպան Մանուկյանը, շնորհավորելով նորանշանակ նախարարներին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում նոր քաղաքական ուժի հաղթանակի և կառավարության ձևավորման կապակցությամբ, հույս հայտնեց Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակականության ապահովման և առավել սերտ գործակցության վերաբերյալ:
Պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի հետ հանդիպման ընթացքում վերջինս ընդգծեց, որ վրացական կողմը շահագրգռիռ է ազգային փոքրամասնությունների, այդ թվում` հայ համայնքի արդյունավետ ներգրավմամբ Վրաստանի քաղաքական և հասարակական կյանքում, ինչպես նաև անհրաժեշտ է համարում գործուն մեխանիզմներ ապահովել համայնքային հիմնախնդիրների արդյունավետ լուծման համար:
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային ինտեգրացիոն խնդիրներին: Դեսպան Մանուկյանը նշեց հայկական կողմի հետաքրքրվածությունը վրացական տրանսպորտային ենթակառուցվածք-ների ընդլայնման և վերաշահագործման հարցում, որը հնարավորություն կտա տարածաշրջանի երկրներին դիվերսիֆիկացնել սեփական հաղորդակցման և ենթակառուցվածքային հնարավորությունները: Պետնախարար Ալեքս Պետրիաշվիլիի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Վրաստանի նոր կառավարության հետ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես` եվրոպական կառույցներում համագործակցության եղանակները: Վրաց պետնախարարը, կարևորելով հայ-վրացական համագործակցությունը եվրոպական տարբեր կառույցներում, համոզմունք հայտնեց, որ առաջիկայում կընդլայնվի առկա փոխգործակցությունը ինչպես բազմակողմ, այնպես էլ պատվիրակությունների փոխայցելությունների և ընթացիկ գործնական շփումների ձևաչափերում: Դեսպան Մանուկյանն ու պետնախարար Պետրիաշվիլին անդրադարձան նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների: ՀՀ դեսպանի հաջորդ հանդիպումը Վրաստանի պատիժների կատարման, պայմանական դատապարտման և իրավական օգնության հարցերի նախարար Սոզար Սուբարիի հետ էր: Հայաստանի դեսպանն ու նորանշանակ նախարարը քննարկեցին Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, ինչպես նաև երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցությանն առնչվող բազմաբնույթ խնդիրներ: Դեսպան Մանուկյանը նույն օրը հանդիպեց նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալ Դիմիտրի Քումսիշվիլիին, որի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին Փոթիի նավահանգստում տիրող իրավիճակը, երկու երկրների երկաթուղիների համագործակցության վերաբերյալ խնդիրներ, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև ձևավորված գործնական հարաբերությունների շարունակականության վերաբերյալ հարցեր: