11 մայիսի 2005 - 10:44 AMT
ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊՆԴԵԼ, ՈՐ Ռ. ՍԱՖԱՐՈՎԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ ԳՏՆՎԵԼ Է «ՍԹՐԵՍԱՅԻՆ» ՎԻՃԱԿՈՒՄ
«Ռամիլ Սաֆարովի հոգեկան վիճակի լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության արդյունքները չեն հաստատել նախկին փորձաքննության տվյալները: Կատարվածի պահին Ռ.Սաֆարովի հոգեկան վիճակի մասին փորձաքննիչների եզրակացությունների չհամընկնելու պատճառով դատավոր Անդրաշ Վասկուտին հայտարարել է անալիզներն անցկացրած երկու խմբի բժիշկների` դատարանում ցուցմունքներ տալու անհրաժեշտության մասին: Այդ կապակցությամբ հաջորդ նիստի ժամանակ, որը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, պետք է ապահովվի նրանց ներկայությունը»,- տեղեկացնում է Բաքվի «Էխո» թերթը` վկայակոչելով ադրբեջանցի իրավապաշտպան Ադիլ Իսմայլովին: Հիշեցնենք, որ Ռ.Սաֆարովի նկատմամբ դատական գործընթացն սկսվել է անցյալ տարվա սեպտեմբերի 23-ին: Նա մեղադրվում է Հունգարիայում անցկացված ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի դասընթացներին մասնակցելու ժամանակահատվածում հայ զինվորական Գուրգեն Մարգարյանի սպանությունում (2004 թվական, փետրվարի 19): Նախորդ դատական նիստն անցկացվել է ընթացիկ տարվա փետրվարի 8-ին: Ռ.Սաֆարովը մեղադրվում է Հունգարիայի ՔՕ 166.2 հոդվածով (սպանություն ծանր հանգամանքներում): Տվյալ հոդվածը ենթադրում է 10-15 տարի ժամկետով ազատազրկում, կամ ցմահ բանտարկություն: «Ինչպես եւ ակնկալում էին դատապաշտպանները, հանցագործության պահին Ռ.Սաֆարովին հանցագիտակ ճանաչած առաջին փորձաքննության արդյունքները չեն հաստատվել: Սպանությունից հետո չորրորդ օրն անցկացված փորձաքննությունը հաստատել էր, որ այն «նախապես ծրագրվել եւ սառնասրտորեն կատարվել էր»: Սակայն լրացուցիչ թեստավորման արդյունքները բարձրացրել են կատարվածի վրայի վարագույրը»,- նշել է թերթը: Այսպիսով, դատապաշտպան Իսմայլովի խոսքերով` «Ռ.Սաֆարովի հոգեկան վիճակի հետազոտման ժամանակ պարզվել է նրա կողմից հետտրավմատիկ սթրես տանելու մասին»: «Միջադեպի ժամանակ Ռ.Սաֆարովը գտնվել է սթրեսային վիճակում»,- եզրափակել է Ադիլ Իսմայլովը լրացուցիչ փորձաքննության արդյունքները: Ինչպես հայտնի է, Ռ.Սաֆարովը հոգեկան թեստավորումն անցել է Բուդապեշտի դատաբժշկական փորձքննական ինստիտուտում` ադրբեջանական կողմի պնդմամբ: Հունգարիայի դատարանի որոշմամբ` երկու ադրբեջանցի փորձաքննիչների թույլատրվել է մասնակցել փորձաքննությանը միայն դիտորդի կարգավիճակում: Ինչի կապակցությամբ, Ռ.Սաֆարովի վիճակի մասին փորձաքննիչների լրացուցիչ եզրակացության մասին իր կարծիքը հայտնելով` ադրբեջանցի դատապաշտպանն անվանել է այն որպես ավելի օբյեկտիվ»: Միեւնույն ժամանակ, նշելով նախօրեին կայացած դատական նիստի կարճատեւությունը` ադրբեջանցի դատապաշտպանը բացատրել է այն երկու դատական բժշկական փորձաքննությունների փորձաքննիչների միջեւ բանավեճի բացակայությամբ, քանզի նրանք ներկա չէին դատին: Այդ առիթով նա տեղեկացրել է, որ հաջորդ նիստին, բացի փորձաքննիչներից ակնկալվում է ադրբեջանական կողմից երկու վկաների ներկայությունը: Այսպիսով, լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության արդյունքների հայտարարումից հետո Բուդապեշտի քաղաքային դատարանում դատավոր Անդրաշ Վասկուտիի գլխավորած երրորդ նիստը մոտեցավ ավարտին: Մեղադրող կողմից հանդես է եկել դատախազ Մարգիտ Չոխայնը: Դատապաշտպան Ա.Իսմայլովին ընձեռնվել էր Հունգարիայում ճանաչված դատապաշտպաններ Պետեր Զալայի եւ Գեորգի Մադյարի օգնականի կարագավիճակը: Ի դեպ, հատկապես Մադյարն էր նախաձեռնել փետրվարի 8-ին Ռ.Սաֆարովի լրացուցիչ թեստավորման անցկացումը` ադրբեջանցի փորձաքննիչների ներկայությամբ: