15 նոյեմբերի 2012 - 12:09 AMT
Sotheby’s-ում կրկին Արշիլ Գորկու նկարներ են վաճառվել

Երեկ հանրահայտ Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճյուղում տեղի է ունեցել ժամանակակից արվեստի աճուրդ:

Ինչպես նոյեմբերի 13-ին, այնպես էլ երեկ աճուրդի են դրվել Արշիլ Գորկու հինգ նկարները, որոնցից վաճառվել է միայն երկուսը:

Թղթի վրա յուղաներկով արված նկարչի կնոջ դիմանկարի նախնական գինը տտատանվել է 90.000 – 120.000 ԱՄՆ դոլարի սահմաններում, և վաճառվել է 152.500 դոլարով:

Գորկու «Ծաղիկները ծաղկամանի մեջ» կտավը, որի գինը տատանվել է 150.000 – 200.000 դոլարի սահմաններում, վաճառվել է 194.500 դոլարով:

Հիշեցնենք, որ Արշիլ Գորկու «Անհամբերություն» կտավը նույն աճուրդի տանը նոյեմբերի 13-ին վաճառվել է 6.802.500 ԱՄՆ դոլարով:

Արշիլ Գորկին` Ոստանիկ Ադոյանը ծնվել է Վանի մերձակա Խորգոմ գյուղում 1902-1905թթ. միջև: Գորկին լքել է Վանը 1915թ. Հայոց ցեղասպանության հետևանքով և մոր ու 3 քույրերի հետ անցել է Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք: 1919թ. Գորկու մայրը վախճանվել է սովից Երևանում, իսկ Գորկին մեկնել է ԱՄՆ, հոր մոտ: Ստեղծագործական որոնումներում նա փոխում է անունը, դառնալով Արշիլ Գորկի, այդպիսով ակնարկելով իր սիրած գրող` Մաքսիմ Գորկուն: 1922թ. Գորկին ընդունվել է Բոստոնի Դիզայնի նոր դպրոցը, սկզբում նկարում է իմպրեսիոնիստների ազդեցության ներքո, ավելի ուշ` պոստիմպրեսիոնիստների (այդ ժամանակ նա բնակվում է Նյու Յորքում): Գորկու առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Մելոնի պատկերասրահում 1931թ.:

1930-ականներին Գորկին սերտորեն համագործակցում էր Ստյուարտ Դևիսի, Վիլլեմ դը Կունինիգի և Ջոն Գրեմի հետ: 1944թ. նա ծանոթացավ Անդրե Բրետոնի և հայտնի այլ սյուրռեալիստների հետ:

Առավել հայտնի են Գորկու` «Նկարչի և նրա մոր դիմանկարը» (1926-36թթ.), «Բնանկար Սեզանի ոճով» (1927), «Ինքնադիմանկար» (1937), «Կազմակերպություն» (1933-36), «Կոմպոզիցա» (1936-39), և այլ նկարները: Գորկին ինքնասպան է եղել 44 տարեկանում:

Գորկին համարվում է XX դարի ամերիկյան ամենաազդեցիկ նկարիչներից մեկը, նրա նկարները ցուցադրվում են ԱՄՆ բոլոր խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաև Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում: