2013 թվականի պետբյուջեի նախագիծն ամենանահաջողն էր: Դա ոչինչ չասող բյուջե է և ոչ մի հեռանկար չի բացում ՀՀ քաղաքացիների համար: Հոռետեսական տրամադրություններն ավելացել են, և ավելի շատ մարդիկ են ուզում հեռանալ երկրից:
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Կառավարությունն ասում է, որ նոր բյուջեն կապահովի մակրոտնտեսական կայունություն, բայց նոր սոցիալական ծրագրեր չկան,աշխատավարձի և կենսաթոշակի բարձրացում չի ակնկալվում: ՀԱԿ-ը, լինելով ազատական տնտեսության կողմնակից, գտնում է, որ նոր պետբյուջեով պետք է ստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի ՀՀ քաղաքացիւն չլքի երկիրը: Շեշտը պետք է դրված լինի սոցիալական խնդիրների լուծման վրա, մինչդեռ իշխանությունները այդ նախագծով ամեն կերպ ցույց են տալիս, որ իշխանություն լինելն իրենց համար ավելի կաևոր է, քան բնակչության խնդիրների լուծումը»,-ասաց տնտեսագետը:
Ըստ նրա՝ այս բյուջեն նախորդ տարվա բյուջեի ավելի վատ տարբերակն է և, հաշվի առնելով այն, որ 2013 թվականը նախագահական ընտրությունների տարի է, տպավորություն է ստեղծվում, որ այդ բյուջեով իշխանություններն ասում են, որ իրենց պետք չէ ընտրել:
«Այդպիսի բյուջե կարող է ներկայացնել այն կառավարությունը, որը չի ուզում աշխատել:Այս բյուջեում չենք տեսնում նաև նախորդ տարիների խոստումների վերաբերյալ որևէ կետ: Խոսքը Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման, ատոմակայանին լրացուցիչ գումարներ հատկացնելու, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացման ֆինանսական կենտրոն ստեղծելու և Հայաստանը տուրիզմի կենտրոն դարձնելու մասին է»,-ասաց Վահագն Խաչատրյանը:
Անդրադառնալով երկրի գլխավոր խնդիրներին՝ տնտեսագետն ասաց, որ մեր գլխավոր խնդիրները դատական համակարգի անկատարությունը, կոռուպցիան և մրցունակության բացակայությունն են: