Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գրասենյակում տեղի ունեցավ «Պաշարների շտեմարան» կայքի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Էլեկտրոնային ուսումնական պաշարների ստեղծման նպատակն է ապահովել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման շարունակական զարգացումը:
Տարվա սկզբին ԿԳՆ-ի և ընկերության միջև համագործակցության պայմանագիր էր ստորագրել, որի արդյունքներից մեկն էլ հենց կայքի ստեղծումն է:
Կրթության նախարար Արմեն Աշոտյանը շնորհանդեսի ընթացքում նշեց, որ երկու սեկտորների համատեղ ծրագրերը նեղ համագործակցություն չեն.«Մենք պայմանավորվել ենք, որ մեր համատեղ ծրագրերը երկարաժամկետ ռազմավարական բնույթ են կրելու»,-ասաց Աշոտյանը: Նախարարը նշեց, որ կայքով կընդլայնվի համացանցում հայալեզու բովանդակության ծավալը, որն օգտակար կլինի նաև մարզային աշակերտների և ուսուցիչների համար, ինչպես նաև սփյուռքահայերի համար: Կայքը ստեղծել է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Կայքն ունի տարբեր բաժիններ, բազմաստիճան համակարգ: Պաշարներին կարելի է կցել նաև անսահմանափակ քանակով տեսանյութեր և այլ նյութեր: Կայքի գրանցված օգտատերերը հնարավորություն ունեն նաև տեղադրել նյութեր: Այն ունի սոցիալական ցանցերում տարածման հնարավորություն, վարկանիշային սյունակ: Կայքն ունի ուսումնական ձեռնարկներ, մեթոդաբանական նյութեր, վիճակագրական տվյալներ, ուսումնական նյութեր, դասագրքեր և այլն: Կայքի հասցեն է lib.armedu.am: