19 նոյեմբերի 2012 - 14:57 AMT
Քաղաքագետ. Հայաստանին սոցիալական կառուցվածքի փոփոխություն է պետք

Հայաստանում կառավարման կիսանախագահական համակարգը բերեց անձերի գործոնի մեծացմանը և թույլ չտվեց, որ քաղաքական ուժեր ձևավորվեն: Հայաստանին սոցիալական կառուցվածքի փոփոխություն է պետք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով կառավարման խորհրդարանական համակագին անցնելու վերաբերյալ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի առաջարկին: Երվանդ Բոզոյանը կարծում է, որ կառավարման խորհրդարանական համակարգը կարող է արդյունավետ լինել: Իսկ ահա կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ նկատեց, որ կառավարման խորհրդարանական կարգին անցնելու առաջարկն արել են իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը, և նրանցից ամեն մեկն իր շահն է առաջ տանում, իսկ գաղափարի իմաստով ընդդիմություն չկա:

«Կառավարման նախագահական և խորհրդարանական համակարգերից ոչ մեկը հիմա Հայաստանի համար լավ չեն: Գործող վերնախավը պիտի վերանա: Նրանք են մեղավոր, որ ընտրությունները վերածվել են «չընտրությունների»»,- ասաց Հարություն Մեսրոբյանը: Երվանդ Բոզոյանի հավաստմամբ՝ խորհրդարանը մինչ օրս լուրջ դեր չի կատարել, քանի որ գործող համակարգի մասն է եղել: «Մարդիկ հիմա գլխավոր քաղաքական ընտրությունը նախագահականն են համարում: Եթե փոխվի համակարգը, այդ կարևորությունը կտան խորհրդարանականին և նրանցից լուրջ բաներ կսպասեն»,- ասաց Երվանդ Բոզոյանը: Ըստ նրա՝ ժողովրդին համակարգ են տալիս և նա սկսում է ծաղկել, իսկ ներկայիս համակարգը Հայաստանում չի գործում: Երվանդ Բոզոյանն ավելացրեց, որ Հայաստանում նախընտրական ծրագրերը զարգացած չեն: Միշտ կարևորությունը տրվել է ընդդիմության գաղափարին, այնինչ պետք է զարգացնել ու ներկայացնել այլընտրանքային գաղափարը: