19 նոյեմբերի 2012 - 15:04 AMT
Ռիչարդ Կիրակոսյան.Օլիգարխիկ համակարգը վտանգում է հայկական պետությունը

Շատ երկար ժամանակ Հայաստանի քաղաքականությունը որոշվել է կոնկրետ անձանց կողմից և այն սահմանափակվում է երկրի երեք՝ ներկա, երկրոդ և առաջին նախագահներով: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Ինչ վերաբերում է կուսակցությունների սկսած քաղաքական կոնսուլտացիաներին, Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ ցանկացած նախագահական ընտրությունների շեմին նման քննարկումներ լինում են, սական քաղաքագետը չհիշեց որևէ դեպք, որ դրանց արդյունքում ընդդիմությունը միասնական թեկնածու ներկայացրած լինի: Նա ընդգծեց, որ տեղի ունեցողը ուղղակի կոնֆլիկտ է նախկին կոալիցիոն ուժերի միջև:

Ըստ քաղաքագետի՝ պետք է նախ մարտահրավեր նետել օլիգարխիային: «Իրավիճակը կառուցողական չէ Հայաստանի համար, քանի որ օլիգարխներն ունեն չվաստակած գերիշխանություն շուկաների նկատմամբ: Օլիգարխիկ համակարգն է, որ վտանգում է հայկական պետությունը՝ չվճարելով հարկերն ու խաթարելով տնտեսությունն ու կառավարությունը»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, քաղաքագետը նկատեց, որ հետաքրքիր է, որ Քոչարյանը շատ լավ տեղյակ է ու բարձրացնում է օլիգարխիայի խնդիրը: «Դժբախտաբար, հենց Քոչարյանի կառավարման տարիներին էր, որ օլիգարխիան այսքան հզորացավ»,- նկատեց նա:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը իր պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին, ընդ որում՝ իշխանությունը, կամա թե ակամ, աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման: