19 նոյեմբերի 2012 - 18:33 AMT
Սիվիլիթաս հիմնադրամի նախկին աշխատակիցը, ով այժմ ապրում է ԱՄՆ-ում հրավիրվել է ԱԱԾ

Այսօր Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հերթական անգամ հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ: Այս անգամ նրան տեղեկացրել են, որ հիմնադրամի կողմից դեռևս 2009թ. իրականացրած ծրագրերից մեկի մասով փորձաքննություն է նշանակվել: Ինչպես նշվում է հիմնադրամի տարածած մամլո հաղորդագրության մեջ, այս կերպ «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործով Վարդան Օսկանյանին մեղադրելուց հետո իրավապահները փորձում են անցում կատարել արդեն հիմնադրամի բուն գործունեությանը` ուժեղացնելով ճնշումը ինչպես հիմնադրամի ներկա, այնպես էլ նախկին աշխատակիցների նկատմամբ:

Մասնավորապես հարցաքննության է հրավիրվել հիմնադրամի նախկին աշխատակիցներից մեկը, ով արդեն տևական ժամանակ բնակվում է ԱՄՆ-ում: Ինչպես արդեն տեղեկացվել էր, ծրագիրը, որը հայտնվել է ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, վերաբերում էր ՀՀ սահմանամերձ շրջաններում ջրամատակարարմանը: