Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Քուվեյթի պետություն: Նույն օրը տեղի ունեցան Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները Քուվեյթի փոխվարչապետ, արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի հետ։ Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի համար՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Քուվեյթի հետ, ընդհանրապես արաբական աշխարհի հետ իր հարաբերությունների զարգացմանը և շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպմանը նախարարներն անդրադարձան երկու պետությունների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական համագործակցության խորացմանը, բանկային, գյուղատնտեսության, առողջապահության, կրթական և մշակութային բնագավառներում կապերի զարգացմանն առնչվող հարցերի։
Բանակցությունների օրակարգում էին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, երկու արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, տարածաշրջանային և միջազգային հարցերը։
Անդրադառնալով Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց. «Հայատանը, ինչպես և միջազգային հանրությունը խիստ մտահոգված է Գազայի հատվածում և նրա շուրջն աճող լարվածությամբ։ Ուժի կիրառումը, որը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում տասնյակ զոհերի, լուրջ վնաս է հասցնում տարածաշրջանային առանց այդ էլ փխրուն իրավիճակին։ Պետք է վերջ դնել ուժի սպառնալիքին և ուժի կիառմանը։
Խորապես համոզված ենք, որ խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հարցերի լուծմանը այլընտրանք չկա»։
Էդվարդ Նալբանդյանը մտահոգություն հայտնեց նաև Սիրիայում իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ հակամարտության պատճառով Հայաստանը շարունակում է հազարավոր սիրիահայ փախստականներ ընդունել։ Այս ենթատեքստում Քուվեյթի ԱԳ նախարարը տեղեկացրեց Հայաստանում գտնվող սիրիահայերին մարդասիրական օգնություն հատկացնելու Քուվեյթի իշխանությունների որոշման մասին։
Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները և ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Քուվեյթի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումն՝ ի սատարումն միջազգային հանրության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի։
Էդվարդ Նալբանդյանը Քուվեյթի ԱԳ նախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահին հրավիրեց այցելել Հայաստան։