20 նոյեմբերի 2012 - 16:34 AMT
Նախարար. Բնության պահպանվող տարածքներում տեխնիկական վերազինման խնդիր կա

ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի տնօրեն Դեյվիդ Մորիսոնին: Նախարար Արամ Հարությունյանը ողջունել է հյուրին և ընդգծել, որ ԲՀՊՏ-ների պահպանության մասով Հիմնադրամը մեծապես հեշտացրել է գործը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Ձեր օգնությամբ մենք իրականացնում ենք լուրջ վերահսկողական միջոցառումներ բնության հատուկ պահպանվող տարածքներում, որի արդյունքում արձանագրել ենք դրական տեղաշարժեր»,-նշել է նախարար Հարությունյանը:

Կողմերը քննարկել են 2012թ. Կովկասի Բնության հիմնադրամի կողմից ԲՀՊՏ-ներին տրվող ֆինանսավորման և կատարված գործի արդյունքները: Դեյվիդ Մորիսոնը նույնպես նշել է, որ հիմնականում ԲՀՊՏ-ների մասով արձանագրվել է դրական տեղաշարժեր, սակայն դեռ կան անելիքներ կառավարման պլաններում և պահպանության հարցերում: Արամ Հարությունյանը հայտնել է, որ այն խնդիրները, որոնք արձանագրվել են 2012թ. գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո: Խնդիրների շարքում առանձնացվել են պահպանվող տարածքներում տեխնիկական վերազինման և աշխատակիցների խրախուսման համակարգերի ներդրման մասին հարցերը:

Արամ Հարությունյանը և Դեյվիդ Մորիսոնը քննարկել են նաև 2013թ իրականացվելիք գործողությունների պլանը և հույս հայտնել, որ ապագայում կարձանագրվեն ավելի լուրջ ձեռքբերումներ: