21 նոյեմբերի 2012 - 09:53 AMT
«Հրապարակ».Ի՞նչ է անում Լևոն Զուրաբյանը Մոսկվայում

ՀԱԿ քաղաքական վերնախավի հետ ակտիվորեն շփվող ռուսաստանահայ Սմբատ Կարախանյանը շարունակում է համագործակցել Կոնգրեսի հետ: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հաճախակի այցերը Մոսկվա, ասում են, նաև Կարախանյանի հետ հանդիպելու նպատակով են կատարվում: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Պարզվում է` Կարախանյանի հետ Լևոն Զուրաբյանին ծանոթացրել է այսօր արդեն ՀԱԿ-ից դուրս եկած, «Ազատ դեմոկրատների» անդամ, նախկին ԱԳ նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը. Կարախանյանը վերջինիս մոսկովյան ուսանողական տարիների ընկերն է:

Սակայն, ինչպես տեղեկացնում են ՀԱԿ մեր աղբյուրները, նրանց հարաբերությունները բավականին հետաքրքիր ընթացք են ունեցել. երբ Ալիկը նստած է եղել, Լևոն Տեր-Պետրոսյանը բանագնաց է ուղարկել ռուսաստանյան հայտնի ծառայությունների հետ որոշակի կապեր ունեցող Կարախանյանի մոտ` ասելու, որ Ալիկի բացակայության պարագայում ինքը վստահում է բացառապես Լևոն Զուրաբյանին: Իսկ երբ Արզումանյանը դուրս է եկել բանտից, մի քանի անգամ զանգահարել է Կարախանյանին, վերջինս նրա զանգերին չի պատասխանել»,-եզրափակում է թերթը:

Նշենք, որ Մոսկվայում գործող «Միաբանություն» հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը հայաստանյան հանրությանը հայտնի է ի իր բլոգում,ռուսական ու հայկական մի քանի լրատվամիջոցներում ՀՀ իշխանական վերնախավի ներկայացուցիչների ունեցվածքի մասին սկանդալային բացահայտումներով: