21 նոյեմբերի 2012 - 15:26 AMT
2013թ. հուլիսին Երևանում տեղի կունենա եվրոպական իրավական չափորոշիչներին նվիրված խորհրդաժողով

Նոյեմբերի 14-ից 16-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր գտնվում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Այցի ընթացքում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը հանդիպեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Դ.Սպիլմանի հետ: Գագիկ Հարությունյանը շնորհավորեց Դ.Սպիլմանին դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում՝ 2013թ. հուլիսի սկզբին Երևանում կայանալիք «Եվրոպական իրավական չափորոշիչները և ազգային իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորագրով խորհրդաժողովի անցկացման հետ կապված հարցեր: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահին հրավիրեց մասնակցելու այդ խորհրդաժողովին:

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ.Բուքիքյոյի հետ հանդիպմանը երկուստեք կարևորվեց Հանձնաժողովի դերը ՀՀ օրենքների նախագծերի փորձաքննության հարցում, գոհունակությամբ արձանագրվեց շփումների բարձր մակարդակը և հարաբերությունների խորացումն ու զարգացումը, ինչպես նաև անդրադարձ եղավ 2013թ. հուլիսի սկզբին Երևանում կայանալիք խորհրդաժողովում Վենետիկի հանձնաժողովի նախագահի և քարտուղարության աշխատակիցների մասնակցությանը: