Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրենի պաշտոնի համար նոր թեկնածու է հայտնվել: Թեկնածուն քոլեջի երկարամյա դասախոս Դավիթ Դավթյանն է: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Ավետիսյանն, ով քոլեջի ճակատագրով մտահոգ մի խումբ քաղաքացիների հետ նախաձեռնություն է ստեղծել, որպեսզի պայքարեն տնօրենի պաշտոնակատարի դեմ, ով, իրենց խոսքով, անտեղի աշխատանքից ազատում է դասախոսներին:
Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ճակատագրով շահագրգիռ մարդկանց նախաձեռնության անդամներն առաջարկում են տնօրենի իրենց թեկնածուին: Ըստ նրանց՝ լավագույն թեկնածուն քոլեջի երկարամյա դասախոս Դավիթ Դավթյանն է: Ուրբաթ օրը նախաձեռնությունը ժողով կանի, որին կմասնակցեն քոլեջի ուսանողներ, դասախոսներ, արվեստագետներ: Դրանից հետո նրանք խնդիրը լուծելու համար ստորագրահավաք կկազմակերպեն և կդիմեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն:
Ըստ նախաձեռնողների՝ Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջին 91 տարվա պատմության մեջ առաջին անգամ սպառնում է մասնագիտությամբ կիբեռնետիկ տնօրենի կառավարումը, որը պայմանավորված է Ալվարդ Պետրոսյանի՝ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը ժառանգաբար փոխանցվող գահի վերածելու ցանկությամբ: Քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանն Ալվարդ Պետրոսյանի հարսն է: Ալվարդ Պետրոսյանի որդին` Նարեկ Առուշանյանը, ով զբաղեցնում էր քոլեջի տնօրենի պաշտոնը, մահացել է այս տարի:
Ըստ Ավետիսյանի՝ Աննա Մնացականյանը անհիմն կերպով աշխատանքից ազատում է դասախոսներին: Նրանցից մեկը վերջերս դատական հայց է ներկայացրել Աննա Մնացականյանի դեմ: