«Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում վերափոխվել է: Ավանդական և վառ արտահայտված հայամետ նախապատվությունների պատճառով Թեհրանը կրկին Երևանի կողմն է: Չնայած, որ Իրանը չկարողացավ Հայաստանից միջնորդության թույլտվություն ստանալ, իսկ Ադրբեջանը համաձայն է այդ առաջարկին, Թեհրանը շարունակում է Ադրբեջանին որպես թշնամու վերաբերվել, իսկ Հայաստանին՝ որպես բարեկամի»,-հայտարարել է Ադրբեջանի Քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն:
«Հարկավոր է ուշադիր ուսումնասիրել փոփոխությունները Իրանի քաղաքականության մեջ: Ներկայումս Իրանը մանևրում է Ղարաբաղի հարցում: Եթե Հայաստանը առաջիկայում ևս կարողանա քայլեր կատարել, որոնք կարտահայտեն Ահմադինեժադի թիմի շահերը, Իրանի նախագահը կավելացնի աջակցությունը Սարգսյանին Ղարաբաղի հարցում:
Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության մեկնարկը կարելի է նման համագործակցության առաջին քայլը համարել: Հաջորդ քայլը, որ արեց Սարգսյանը, Ֆրանսիայի նախագահի ուշադրությանը Ահմադինեժադի ուղերձը ներկայացնելն էր:
Ֆրանսիայի նախագահը հաստատեց, որ ուղերձ է ստացել Իրանից: Չի բացառվում, որ Ահմադինեժադը Սարգսյանի միջոցով փորձում է Եվրոպայի աջակցությունը ստանալ Իրանի հոգևոր առաջնորդին տապալելու համար»,-ասել է Ահմեդօղլուն, հայտնում է «Նովոստի Ազերբայջանա»: