21 նոյեմբերի 2012 - 18:28 AMT
Երևանի քաղաքապետարանն ու ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը պատրաստվում են ընդլայնել համագործակցությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ: Ողջունելով հյուրին` քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարներն ու քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը:

«Համագործակցության այս տարիների ընթացքում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ քաղաքային տնտեսության ոլորտների վերաբերյալ համատեղ տարբեր ծրագրեր են իրականցվել, այդ թվում միջազգային խորհրդատվական ծառայություններ: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և կկարողանանք նոր նախագծեր կյանքի կոչել»,- նշել է Տարոն Մարգարյանը:

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին նշել է, որ իրենք պատրաստ են քաղաքապետարանի հետ քննարկել և իրականացնել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, նաև ընդգծել կազմակերպության առաքելությունը` խաղաղության և անվտանգության ապահովման, ժողովրդավարական սկզբունքների պահպանման` այդ թվում նախընտրական և ընտրական գործընթացների շրջանակում:

Շնորհավորելով քաղաքապետին պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ` Անդրեյ Սորոկինը աշխատանքային հաջողություններ է մաղթել կարևոր ու պատասխանատու պաշտոնում:

Կողմերը քննարկել են նաև փորձի փոխանակման, խորհրդատվության ապահովման և հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: