Հունվարից սկսած Հայաստան է տեղափոխվել 10.000 սիրիահայ: Նրանցից 4-4.5 հազարը նորից վերադարձել են Սիրիա, միայն մի քանի տասնյակը` այլ երկրներ: Մոտ 6000-ը դեռ Հայաստանում է: Սփյուռքի նախարարությունում ստեղծված սիրիահայերի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ամբողջական տվյալներ է հաղորդել:
Նրա խոսքով բնակարանով ապահովված են բոլոր սիրիահայերը: 17.000 ընտանիք` վարձով, իսկ 100-120 ընտանիք` կացարաններում: Մարզերում ապրում է 300 ընտանիք:
«Սիրիահայերի մեծ մասը, հատկապես Հալեպից եկածները, հրաժարվում են մարզեր տեղափոխվել: Ասում են` երեխաները Երևանում սիրիական ծրագրով դպրոց են գնում, համալսարան, բայց կան ընտանիքներ, որ առանց հիմնավորման, ուղղակի չեն ուզում գնալ Երևանից», - ասաց Ֆիրդուս Զաքարյանը:
Նրա տվյալներով 120-ից ավելի սիրիահայ ուսանող սովորում է ԵՊՀ-ում, ԵՊԲՀ-ում, ՀՊՏՀ-ում, ՀՊՃՀ-ում: 500 աշակետ սովորում է դպրոցներում. 265-ը` սիրիական ծրագրով թիվ 14 դպրոցում, 100-ը մյուս դպրոցներում, 150-ը՝ մարզերում: 100-ից ավելի սիրահայ երեխա անվճար մանկապարտեզ է հաճախում:
Աշխատանքի խնդրով Սփյուռքի նախարարություն է դիմել 500 սիրիահայ: Մեծ մասն արհեստավորներ են, բայց շատ են նաև բարձրագույն կրթությամբ մասնագետները:
«Նրանցից 250-ին հրատապ լուծում է պետք: 40 սիրիահայ սեփական գործն արդեն սկսել է, շատերը հետաքրքրվում են փոքր և միջին բիզնեսի վարկավորմամբ, մյուսները սպասում են Սիրիայում կոնֆլիկտը հարթվի` վերադառնան», - ասաց Ֆիրդուս Զաքարյանը:
Նրա խոսքով, եթե Սիրիայում իրավիճակը հանդարտվի, սիրիահայերի 80 տոկոսը կվերադառնա: Կլինեն նաև այնպիսիք, որ կվաճառեն այնտեղի գույքն ու նորից Հայաստան կգան: