Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Հսկիչ-կարգապահական կոմիտեի որոշումը Ռուսաստանի պրեմիեր լիգայի 16-րդ տուրում իր ակումբի և «Զենիթի» միջև միջադեպի վերաբերյալ:
«Նման բարդ իրավիճակներում դժվար է բոլորին գոհացնել: Մենք պատրաստ էինք կոմիտեի ցանկացած որոշման: Հաճելի է, որ հաղթանակը մեզ շնորհվեց: Մարդկայնորեն ես խղճում եմ «Զենիթին», սակայն մենք էինք առաջատարը այդ խաղում: Ընդհանուր առմամբ, կոմիտեի որոշումն արդարացի եմ համարում»,-Բերեզովսկու խոսքն է մեջբերում sport-express.ru-ն:
«Դինամո»-«Զենիթ» խաղը դադարեցվեց, քանի որ տրիբունայից նետված ճայթրուկը պայթեց դարպասապահ Անտոն Շունինի անմիջական հարևանությամբ: Հսկիչ-կարգապահական կոմիտեն տեխնիկական պարտություն է արձանագրել «Զենիթին» 0:3 հաշվով:
«Իմ կարիերայում եղել են նման միջադեպեր: Խլացրել են Բոսնիայի հետ խաղում, երբ ես պաշտպանում էի Հայաստանի դարպասները, սակայն աչքերիս ծուխ դեռ չէին փչել: Ափսոսում եմ, որ մեր օրերում նման բան է կատարվում: Դրանից ոչ ոք ապահովագրված չէ: Ուղղակի դարպասապահն ավելի խոցելի է, քան խաղացողները»,-ասել է Բերեզովսկին: