Արդեն մի քանի տարի է, ինչ տարբեր լրատվամիջոցներում հրապարակվում են ԵՊՀ կենսաբանության Ֆակուլտետի պրոֆեսոր Էդուարդ Եղիազարյանին գրագողության մեջ մեղադրող նյութերը` նրա արդեն նախկին ընկեր Լյուդվիգ Մելքումյանի հեղինակությամբ: Վերջինս իր մեղադրանքներով բաց նամակներ է ուղարկել նախագահին, վարչապետին, ԱԺ, նախագահի վերահսկողական ծառայություն, ԳԱԱ, գլխավոր դատախազին, ԵՊՀ ռեկտորին:
2008 թ. ապրիլի 9-ին Էդուարդ Եղիազարյանը «Հայաստանի երկկենցաղների ֆաունան և էկոլոգիան» թեմայով պաշտպանել է ատենախոսություն և ստացել կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
«Սա եղել է ոչ թե պաշտպանություն, այլ խայտառակություն», - իր հոդվածներում և բաց նամակներում գրում է Լյուդվիգ Մելքումյանն ու Էդուարդ Եղիազարյանին մեղադրում գրագողության մեջ` Ս.Կուզմինի “Земноводные бывшего СССР” գրքից և իր, իր ուսանող Ա.Հայրապետյանի և հենց Էդուարդ Եղիազարյանի համահեղինակած “Биология размножения масисской популяции зеленой жебы” հոդվածից:
«Մելքումյանն ինձ մեղադրում է Կուզմինի գրքից գրագողության մեջ, բայց Կուզմինն ինքը, պատասխանելով ԳԱԱ-ին կից գործող 035 Կենսաբազմազանության և էկոլոգիայի մասնագիտական խորհրդին, գրել է. «Իմ գրքի նյութերն արտացոլված չեն ատենախոսության ոչ նորույթում և ոչ էլ եզրակացություններում: Գրականության ցանկում իմ գիրքը նշված է: Որպես գրքի հեղինակ` սույնով ես հավաստում եմ, որ Է.Մ. Եղիազարյանի նկատմամբ ոչ մի պահանջ չունեմ»: Ուրեմն Մելքումյանն ինչո՞ւ է իր վրա վերցնում Կուզմինի պաշտպանը լինելու գործը», - PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդուարդ Եղիազարյանը:
Մասնագիտական խորհրդի`սեպտեմբերին տեղի ունեցած նիստի եզրակացության մեջ Էդուարդ Եղիազարյանը ցույց է տալիս իր միակ սխալը. «Անդրադառնալով Է.Եղիազարյանի կողմից Ս.Կուզմինի գրքից նյութերի առանց համապատասխան խմբագրման օգտագործման փաստին, գիտխորհուրդն այն անընդունելի է համարում և գնահատում է որպես գիտական էթիկայի նորմերին հակասող և բարոյական դատապարտման արժանի երևույթ»:
Նույն նիստի ժամանակ մասնագիտական խորհուրդը, որի կազմում 30 առաջատար գիտնականներ են տարբեր ուսումնական ու գիտական կազմակերպություններից, վերահաստատել է Եղիազարյանին կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելու 2008թ. կայացրած որոշումը: Եզրակացության մեջ նշված է, որ ատենախոսությունը տեսական և գործնական մեծ արժեք ունի և ոչ մի հիմք չկա աշխատանքի մասին հայ և արտասահմանիցի հեղինակավոր մասնագետների կարծիքը կասկածի տակ դնելու համար:
Իր, Մելքումյանի և Մելքումյանի ուսանողի`մոտ 23 տարվա վաղեմության համատեղ հոդվածից գրագողության մասին, Էդուարդ Եղիազարյանն ասաց. «Մելքումյանի ստորագրությունը կա, ի՞նչ է նշանակում «խարդախ ճանապարհով ստորագորություն վերցնել», իսկ նրա ուսանողի մասին նշված է, որ հասցեն անհայտ է»:
ԵՊՀ կենսաբանության Ֆակուլտետի պրոֆեսորի խոսքով իրեն մեղադրողը սեփական անցյալը հաշվի չի առնում:
«1996 թվականի հունիսի 7-ին քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասով Լյուդվիգ Մելքումյանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման` 1995 թվականին, որպես հանրապետական ընդունելության քննությունների Կենսաբանություն առարկայի քննական հանձնաժողովի նախագահ առանձնապես խոշոր չափի կաշառք/145. հազար ԱՄՆ դոլար/ վերցնելու համար», - ասաց Էդուարդ Եղիազարյանը:
Նրա խոսքով` բանտից դուրս գալուց հետո Մելքումյանը բանսարկություններով փորձում է գիտական հանրությանը հիշեցնել իր մոռացված անձի մասին` այդպես էլ չկարողանալով վերականգնել նախկին գիտական կապերն ու ընկերական հարաբերությունները: