22 նոյեմբերի 2012 - 19:20 AMT
«Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմը բարձրացավ մեծ էկրան

Քիչ առաջ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Կորած մոլորվածը Հայաստանում» (անգլալեզու տարբերակը` Lost and found in Armenia) ֆիլմի հայաստանյան պրեմիերան:

Կիրակոսյանը ֆիլմի պրեմիերայից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց, որ թեև ֆիլմը ներկայացվել է Կանադայի «Նուռ» կինոփառատոնում, սակայն պրեմիերան` որպես այդպիսին, կայանում է այսօր:

Ֆիլմում նկարահանվել է հոլիվուդյան դերասան Ջեմի Քենեդին, որը, Գոռի խոսքով, շատ սիրեց Հայաստանը և «առհասարակ իր համար անակնկալ էր այդ երկիրը»:

«Մեր նպատակն էր նկարել այնպիսի ֆիլմ, որը հասկանալի կլինի նաև օտարներին և հաջողություն ունենա ԱՄՆ-ում»,- ասուլիսի ժամանակ ասաց ֆիլմի պրոդյուսերներից մեկը` Մարալ Ջերեջյանը: Նրա խոսքով` դա իրենց մոտ ստացվեց:

Ֆիլմի մյուս պրոդյուսեր Վալերի Մակքեֆրին ասաց, որ ֆիլմի նկարահանումների ընթացքում կազմվեցին նաև զույգեր:

Սիրային կատակերգությունը պատմում է ամերիկացի երիտասարդի մասին, որին լքել է ընկերուհին: Ընկերները տանում են նրան Թուրքիա հանգստանալու: Հանգստի ընթացքում, երբ հերոսը որոշում է օդապարիկով զբաղվել էքստրեմալ ժամանցով, ջրային մոտոցիկլետից պոկվում է պարանը և հերոսը վերև է թռչում: Օդում նրա պարանը փաթաթվում է ինքնաթիռին և արդյունքում, երբ պարանը պոկվում է, նա հայտնվում է հայկական գյուղերից մեկի գոմում: Հերոսը, կարծելով, որ Թուրքիայում է, սկսում է թուրքերեն բառեր ասել, հայերն էլ նրան թշնամու տեղ են դնում:

Ռոմանտիկ կատակերգության բուն իմաստն, ըստ ռեժիսորի, այն է, որ այն մարդը, ով թշնամի է թվում, կարող է մարդու լավագույն բարեկամը դառնալ: Աշխատանքային գործընթացը սկսվել էր 2011 թ-ի հունվար ամսին: Ֆիլմը որոշ չափով անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության հարցին, սակայն դա չէ ֆիլմում կարևորը: Ֆիլմի մյուս պրոդյուսերն է Մարալ Ջերեջյանը:

Ֆիլմում խաղում են հոլիվուդյան դերասաններ Ջեմի Քեննեդին, Դեյվ Շերիդանը, Անժելա Սարաֆյանը, Մուրիսա Հարբան, ինչպես նաև Դավիթ Թովմասյանը, Վաչիկ Մանգասարյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը և այլոք: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել անցած տարի ԱՄՆ-ում` Ծննդյան տոների օրերին:

Ֆիլմը հայ-ամերիկյան է, ֆինանսավորումն ամբողջովին կատարվել է հայաստանյան միջոցներով, մեծ աջակցություն է ցուցաբերել նաև Առեքսիմբանկը: