23 նոյեմբերի 2012 - 11:09 AMT
Ստամբուլի միջազգային արտ-էքսպոյում ցուցադրվում են հայ արվեստագետների աշխատանքները

Հայ արվեստագետների աշխատանքները ներկայացվել են Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բացված «Contemporary Istanbul» («Ժամանակակից Ստամբուլ») արտ-էքսպոյում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նկարիչ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ էքսպոյի հայկական տաղավարում ցուցադրվում են իր, Արմեն Գևորգյանի (Ձու), Ռուբեն Գրիգորյանի, Դավիթ Կարեյանի, Տարոն Մուրադյանի նկարները, ինչպես նաև Էմիլ Կազազի քանդակները:

Ցուցահանդեսը բացվել է երեկ՝ նոյեմբերի 22-ին, և կտևի մինչև նոյեմբերի 25-ը:

Սա «Contemporary Istanbul» 7-րդ արտ-էքսպոն է, որին մասնակցում են շուրջ 100 պատկերասրահներ և մոտ 600 արվեստագետներ: Այս տարի ցուցահանդեսը կենտրոնացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վրա: Ցուցանմուշների մեջ կան այնպիսի հանրահայտ արվեստագետների գործեր, ինչպիսիք են Պիկասոն, Ուորհոլը, Բոտերոն և այլք:

«Contemporary Istanbul»-ը Թուրքիայում ժամանակակից արվեստի ամենաթանկարժեք միջոցառումն է, որը հյուրընկալում է ազգային և միջազգային պատկերասրահներ, արվեստագետների ամբողջ աշխարհից, հավաքորդների, թանգարանի տնօրենների, համադրողների, արվեստաբանների, լրագրողների և պարզապես արվեստը գնահատողների: Գլխավոր միջոցառումից բացի «Contemporary Istanbul» -ը տարվա ընթացքում կազմակերպում է մի քանի կից միջոցառումներ և արվեստի նախագծեր, ինչպիսիք են համաժողովներ, ցուցահանդեսներ և այլ նախաձեռնություններ: