23 նոյեմբերի 2012 - 13:03 AMT
Վահագնի թաղամասում կկայանա բարեգործական մրցավազք

Վահագնի թաղամասը չորրորդ տարին անընդմեջ Ամերիկյան գոհաբանական մաղթանքի օրվա առթիվ (Thanksgiving Day) կազմակերպում է բարեգործական մրցավազք բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են առողջ ապրելակերպը:

Միջոցառումն ունի երկու նպատակ` առողջ ապրելակերպի խրախուսում Հայաստանում` "Վազել հանուն քո կյանքի" կարգախոսով, իսկ երկրորդ նպատակը`բարեգործությունն է:

Միջոցառման արդյունքում ստացված շահույթը` ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կտրամադրվի մանկատներին` երեխաների կարիքները հոգալու համար:

Ի դեպ նախորդ տարի միջոցառման արդյունքում հավաքագրվեց 770 000 դրամ, որով Գյումրիի մանկատներից մեկի համար գնվեցին մահճակալներ և կահավորվեցին երեխաների ննջարանները:

Հյուրերի ցանկում կլինեն ԱՄՆ դեսպանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: