24 նոյեմբերի 2012 - 12:27 AMT
Լևոն Շիրինյանը համոզված է, որ Ծառուկյանը կառաջադրվի

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը համոզված է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը առաջիկա նախագահական ընտրություններին կառաջադրվի: Այս մասին քաղաքագետն ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «ԲՀԿ-ում, վստահաբար, գիտեն, որ Ծառուկյանն առաջադրվելու է, ավելին՝ ես համոզված եմ, որ հարցը վերջնականապես քննարկված է: Ձեզ թվում է Նաիրա Զոհրաբյանը հենց այնպե՞ս է ասում, որ իրենց թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է: ԲՀԿ-ում ամեն ինչ պարզ է, և երբ ժամանակը գա, կհայտարարեն իրենց թեկնածուի մասին»,-ասաց քաղաքագետը:

Քաղաքագետը չի հավատում նաև, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն գաղտնի բանակցություններ են վարում: Շիրինյանը համոզված է, որ այս խոսակցությունները իշխանության աղբյուրներից են սկիզբ առնում.«Խոսում են, որ ԲՀԿ-ն վարչապետի պաշտոնն է ուզում և այլն: Նման բան չի կարող լինել: Իշխող կուսակցությունը դրան չի համաձայնի, ինչու՞ պիտի տա վարչապետի պաշտոնը»,-հարցնում է քաղաքագետը՝ հավելելեվ, որ 2 բան երբեք չեն տրվում՝ հողն ու իշխանությունը, եթե ուզում ես, պետք է վերցնես: