ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին տեղեկացրել է, որ բուհերի պատմության դասագիրքը, որը մի քանի օր է` մեծ սկանդալի առարկա է դարձել, հաստատված է մինչև 2013 թվականը` ներառյալ:
««Իմ հրամանով` այդ դասագրքի գործածությունը մինչև 2013 թվականի համար է սահմանված»,- ասել է նախարարը:
Մեր թղթակցի հարցին` այսինքն, 2013 թվականից սույն դասագիրքը շրջանառությունից հանվելո՞ւ է, Աշոտյանը պատասխանել է. «Վերջին երկու տարիներին մեզ մոտ բոլոր դասագրքերը հաստատվում են ժամկետով, նախկինում դրանք անժամկետ էին: Մենք մտցրեցինք ժամկետ` հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ` հատկապես բովանդակության վերանայման, լրամշակման խնդիրների պատճառով: 2013 թվականից հետո արդեն պատմաբանների, հեղինակների գործն է` նորից ներկայացնել դասագիրքը հաստատման, կամ` ոչ»:
ԿԳ նախարարը, փաստորեն, չկարողանալով որևէ համոզիչ բացատրություն գտնել, թե ինչու է ԿԳՆ-ն հաստատել 2008-ի Մարտի 1-ի էջը խեղաթյուրող դասագիրքը, համարում է, որ ևս մեկ տարի ուսանողներին կարելի է իրականության հետ կապ չունեցող պատմություն հրամցնել»,- գրում է «Հայկական ժամանակը»։