Նկատի առնելով այն իրողությունը, որ ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա արտաբյուջետային միջոցների նախահաշվի 9 ամսվա արդյունքով էապես գերակատարվել է եկամտի ծրագիրը, ինչը պայմանավորված է երթևեկության կանոնների պահպանման հսկողության ավտոմատ համակարգի ներդրմամբ, կառավարությունը նոյեմբերի 29-ի նիստում որոշել է գերակատարմամբ ստացված գումարի մի մասը նույնպես տրամադրել նշված համակարգի առաջանցիկ զարգացմանը։ Մասնավորապես, սարքերի և սարքավորումների ձեռքբերմանը կուղղվի մոտ 1 մլրդ 300 մլն դրամ, համակարգի պահպանման և սպասարկման աշխատանքին` մոտ 145 մլն դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ երեկ` Մայքրոսոֆթի կենտրոնի բացման ժամանակ, ոստիկանությանը մի հետաքրքիր ծրագիր են առաջարկել երիտասարդ մասնագետները։ Եթե ավտոմեքենան նկարահանվում է և խախտման համար «արժանանում» տուգանքի, ապա ծրագիրը հնարավորություն է տալիս անմիջապես հաղորդագրություն ուղարկել վարորդին։ Վերջինս ոչ միայն իմանում է, որ իր խախտումն արձանագրվել է, այլև` թե որքան է վճարելու։ «Ծրագիրն արդեն պատրաստ է, մնում է այն ներառել տվյալների շտեմարան», - ասել է վարչապետը։