Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երևան ժամանած ՌԴ պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին PanARMENIAN.Net-Ին հայտնում են ԱԱԽ-ից:
Արթուր Բաղդասարյանի և Դմիտրի Բեզդելովի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել լայն կազմով հանդիպում, որից հետո ստորագրվել է արձանագրություն:
«Մենք բավական արդյունավետ աշխատեցինք և 2013թ.-ից Հայաստանում կգործի Ռուսաստանի Դաշնային այս խոշորագույն գործակալության ներկայացուցչությունը, որը հնարավորություն կտա լուրջ աշխատանքներ իրականացնել Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա պետական սահմանի ողջ երկայնքով: Սա նշանակում է ՀՀ անվտանգության մակարդակի էական բարձրացում, խոշորագույն ծրագրեր, որոնք վերազինելու և արդիականացնելու են ՀՀ պետական սահմանները: Մենք աշխատում ենք համաձայն ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհուրդների տարեկան ծրագրի` փուլ առ փուլ իրականացնելով բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու գերատեսչությունների միջև», - ասել է Արթուր Բաղդասարյանը: