Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի հանքարդյունաբերության ոլորտում սոցիալական պատասխանատվության կենտրոնի տնօրեն դոկտոր Սալիմ Ալին խորհուրդ է տալիս Հայաստանին զարգացման այլընտրանքային ուղիներ որոնել և չհիմնվել միայն լեռնահանքային արդյունաբերության ոլորտի վրա:
«Գները միշտ և ամենուրեք կարող են փոխվել, օրինակ, վանիլինի գինը, որը Մադագասկարից արտահանվող հիմնական ապրանքն է, վերջին շրջանում 500 անգամ նվազել և բարձրացել է»,- նոյեմբերի 30-ին ասել է նա Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից կազմակերպված «Հանքարդյունաբերություն և սոցիալ-տնտեսական զարգացում. Հայաստանի ընտրուղիները» թեմայով համաժողովի ժամանակ:
Հաշվի առնելով դա, Հայաստանը պետք է կառուցի դիվերսիֆիկացված տնտեսություն: «Եթե հումքի գները տատանվում են, ապա դա չպետք է ետ պահի երկիրը լեռնահանքային արդյունաբերության զարգացումից, պետք է այնպես պլանավորել տնտեսության զարգացումը, որպեսզի ապահովվի նրա հետագա դիվերսիֆիկացիան»,- ասել է նա: