3 դեկտեմբերի 2012 - 13:41 AMT
Բալասանյանի մամուլի խոսնակը հերքում է. Վրաստանում մեքենայի տակ մարդ գցելու մասին լուրը «լկտի սուտ է»

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ Վրաստանում մեքենայի տակ մարդ գցելու մասին լուրը լկտի սուտ է: Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում այպես մեկնաբանեց Ժդանովկա գյուղում մահացու վրաերթի հետ Սամվել Բալասանյանի անունը կապող լուրերը և հերքեց դրանք:

«Նման բան չի եղել: Ասեմ նաև, որ մեր կողմից այժմ ուսումնասիրվում է ինֆորմացիայի աղբյուրը, ինչից հետո էլ կձեռնարկվեն համապատասխան քայլեր»,- ասաց Զոհրապ Եգանյանը: Նա տարածված լուրերը Սամվել Բալասանյանին վարկաբեկելու հերթական անօգուտ սուտն է համարում:

Ավելացնենք, որ համաձայն տեղեկությունների, վրացական Ժդանովկա գյուղում Բալասանյանի ավտոշարասյունը ուղևորվել է Գարեջրի գործարան: Ըստ լուրերի՝ շարասյան նախավերջին մեքենան վրաերթի է ենթարկել փողոցն անցնող կնոջը, ով տեղում մահացել է: Գյուղի բնակիչները պնդել են, որ թեև շարասյունը եղել է Սամվել Բալասանյանինը, սակայն նրա մեքենան չի վրաերթ կատարել: