6 դեկտեմբերի 2012 - 14:24 AMT
Կոնգրեսական Շիֆը պատմել է Արցախի ԱԳ նախարարին ԼՂՀ-ին ԱՄՆ աջակցության ծավալի ավելացմանն ուղղված իր ջանքերի մասին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը նախօրեին հանդիպել է Վաշինգտոնում ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ: Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև նշել են ԱՄՆ հետագա մասնակցության անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի զարգացմանը: Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Շիֆին նրա ջանքերի համար, որոնք ուղղված են Արցախին ամերիկյան հումանիտար օգնության ծավալների ավելացմանը:

«Ես ներկայացրեցի Կարեն Միրզոյանին Ղարաբաղին հատկացվող օգնությունը 2 մլն ԱՄՆ դոլարից մինչև 5 մլն դոլար հասցնելու իմ աշխատանքի մասին»,-հայտարարել է Ադամ Շիֆը: «Մենք նաև քննարկեցինք Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ներման հետ կապված հարցեր, ինչպես նաև այդ միջադեպի ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա»,-ասել է Շիֆը:

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի պետական և միջազգային հատկացումների հարցերով ենթակոմիտեների նախագահներին և բարձրաստիճան անդամներին նամակ էր հղել` կոչ անելով նվազեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:

Նման կոչի պատճառը հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելն ու հերոսացնելն է:

«Ադրբեջանն իրականացրել է արդարության դեմ ամենասարսափելի հանցագործությունը` սառնասիրտ հանցագործին հերոս դարձնելով: Ակնհայտ է, որ այն միջոցները, որոնք մենք տրամադրում էինք Ադրբեջանին, օգտագործվել են շատ ավելի վատ նպատակներով, քան եթե այդ միջոցներն առհասարակ չօգտագործվեին: ԱՄՆ-ն չպետք է հանդուրժի Հայաստանի կամ Ղարաբաղի նկատմամբ բռնության գործողությունները, իսկ նախագահ Ալիևի նմանատիպ գործողությունները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միջազգային ջանքերը»,- ասվում է Ադամ Շիֆի նամակում:

Ըստ նրա, Ալիևի կառավարության կողմից Սաֆարովի համար կազմակերպած ընդունելությունը օրենքի գերակայության նկատմամբ արհամարհանքի դրսևորում է: Իսկ օրենքի գերակայությունը դեպի Եվրոատլանտիկ հանրություն ձգտող յուրաքանչյուր պետության հիմնական սկզբունքն է:

«Ադրբեջանը պետք է բարձր գին վճարի իր գործողությունների համար: Բաքուն ԱՄՆ-ից ֆինանսական օգնություն է ստանում ոչ նրա համար, որ գումարի կարիք ունի, այլ նրա, որ դա հանդիսանում է երկու պետությունների մտերմության յուրահատուկ վկայություն:

Օգնության ծավալները կրճատելով` ԱՄՆ-ն Ադրբեջանին ցույց կտա Սաֆարովի գործի նկատմամբ իր վերաբերմունքը և կհիշեցնի Ալիևին, որ իր համար անընդունելի է Հայաստանի կամ Լեռնայի Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի որևէ դրսևորում»: