2 հունիսի 2005 - 12:36 AMT
Չ.ՀԵՅԳԵԼ. ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՒ-Ը, ՇՆՈՐՀԻՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ, ԱՅՍՕՐ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆ ՀԱՍԵԼ
Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ԱՄՆ սենատոր Չարլզ Հեյգելին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը եւ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ Չարլզ Ուոլդը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին` Սերժ Սարգսյանը նշել է երկկողմ համագործակցության ակտիվ զարգացումը: Նրա խոսքերով` երեք տարի առաջ սկսված հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն այսօր բավականին ընդլայնվել է: Նույնը կարելի է ասել նաեւ ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցության վերաբերյալ, նշել է նախարարը: Սենատոր Հեյգելը շնորհակալություն է հայտնել Ս.Սարգսյանին` միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի գործադրած ջանքերի համար, եւ նշել է, որ բարեփոխումների ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման շնորհիվ հայկական զինված ուժերն այսօր մեծ հաջողությունների են հասել: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին` Ս. Սարգսյանը նշել է. «Մենք համոզված ենք, որ խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, ու դրանում մեծ է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը»: