10 դեկտեմբերի 2012 - 12:15 AMT
«Հայէլեկտրոյի» հանրակացարանն աճուրդի է հանվել, իսկ բնակիչները գնալու տեղ չունեն

«Հայէլեկտրո» գործարանի հանրակացարանում ապրող բնակիչներն այս պահին հավաքվել են ՀՀ նախագահի նստավայրի դիմաց:

Գործարանին պատկանող շենքի 62 ընտանիքները կարող են մնալ առանց տանիքի, քանի որ գործարանի սեփականատերը ՊԵԿ-ին ունեցած պարտքերի պատճառով աճուրդի է դրել հանրակացարանը, իսկ այնտեղ ապրող բնակիչներից որևէ մեկը սեփականատեր չէ:

Բնակիչները PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել են, որ շենքն աճուրդի է հանվել որպես արտադրամաս և փաստաթղթերում նշված չէ, որ այնտեղ մարդիկ են ապրում:

«ՀայԷլեկտրո» գործարանին պատկանող 5 հարկանի շենքում ապրում են գործարանի նախկին աշխատողներ և փախստականներ։

Նշենք, որ բնակիչներին մեկ ամիս առաջ ընդունել էր կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Նա ասել էր, որ կփորձեն խնդրին օրենքի սահմաններում լուծում գտնել: